Արմինֆո. Հայաստանի կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ 10 տարի այս ուղղությամբ կառավարությունը համարյա ոչինչ չէր արել։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: