Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զանգահարել է Վրաստանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեին' այդ երկրի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքի հաստատման կապակցությամբ:
Թորոսյանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, նրա զանգի նպատակն էր պարզել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրում: ՙՆախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ՚, - գրել է Թորոսյանը:
Նախօրեին Եկատերինա Տիկարաձեն հաղորդել էր, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը։ Նախարարի խոսքով՝ վարակակիրը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը ժամանե է Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Հիվանդը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Տիկարաձեի հավաստմամբ, կառավարությունն ամեն ինչ անում է Վրաստանում համաճարակը կանխելու համար։ Մասնավորապես, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով դադարեցնել Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը։