Արմինֆո. "Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաեւ մեր հարցն է", - ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի համար արված հայտարարությում՝ Բաքվում թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստից հետո։
"Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում մեր ամենամեծ ցանկությունն է", - ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Էրդողանն այս հարցում աջակցել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին, ով հավաստիացրել է, որ հենց Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը:
Դրա հետ մեկտեղ Ալիեւ կրտսերը հավաստիացրել է, որ Հայաստանի ղեկավարության խիստ հակասական եւ միմյանց հերքող հայտարարությունները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին:
"Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, ապա պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է։ Ստացվում է, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը։ Եթե չգիտեն, մենք կարող ենք հուշել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։ Այդ մասին խոսում ենք և մենք, և ամբողջ աշխարհը։ Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են, աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, եւ ոչ մի պետություն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղ անունով անօրինական կազմավորումը։
Իհարկե, հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, մեր երկրի ինքնիշխանության, մեր սահմանների անձեռնմխելիության շրջանակներում։ Թուրքիան համաշխարհային մասշտաբով Ադրբեջանին ամենամեծ աջակցություն ցուցաբերող երկիրն է ։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դրա համար", - եզրափակել է Ալիեւը: