Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար կարելի է դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
<Իմ քայլը> խմբակցության կողմից մշակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում: ՍԴ 9 դատավորներից 7-ն այնտեղ են հայտնվել 1995 եւ 2005 թվականների խմբագրությամբ Հիմնական օրենքի դրույթներին համապատասխան:
Ըստ իշխող կուսակցության տրամաբանության՝ մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումը նշանակված ՍԴ դատավորների լիազորությունների շարունակումը անհամապատասխանություն է ստեղծում 1995 թվականի Սահմանադրությամբ և 2005 թվականի Սահմանադրությամբ նշանակված դատավորների լիազորությունների ժամկետների միջև, իսկ 2015 թվականից հետո նշանակված դատավորների լիազորություններն, ընդհանրապես, սահմանափակված են 12 տարով։ Ընդ որում, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այդ պաշտոնում ընտրվել է նոր Սահմանադրության ընդունումից հետո, բայց մինչեւ դրա ուժի մեջ մտնելը: