Արմինֆո. ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահն արդեն ազատ է արձակվել Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Սակայն այդ որոշումը բողոքարկվել է դատախազության կողմից։ Դրանից հետո Քոչարյանին կրկին ձերբակալեցին ։