Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Նշենք, որ Աբրահամյանը Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ տարեսկզբից չպարզված հանգամանքներում տարբեր զորամասերում զոհվել է 13 հայ զինծառայող: Բանակում մահվան դեպքերը հասարակական լայն արձագանք են առաջացրել։ Հասարակական շրջանակներում կոչ են արել պաշտոնաթող լինել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Ստեղծված իրավիճակը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
<Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին՚, - Ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով փետրվարի 18-ին կայացած խորհրդակցության մանրամասները: Դրանից հետո նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնները լքել էին ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: