Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զարմանք է հայտնել ազգերի ինքնորոշման սկզբունքի՝ երկրորդ պլան մղելու մասին պնդումների առնչությամբ:
Փետրվարի 24-ին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով համապատասխան հարցին ՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել և մնում է հակամարտության կարգավորման օրակարգում ։
<Ես ձեռքիս տակ ունեմ և ուղղակի կկարդամ այն հատվածը, որն արտահայտված էր իմ ելույթում, որը վերջին օրինակներից մեկն է, որովհետև յուրաքանչյուրը, ով հետևում է ամբողջ դինամիկային, ամբողջ գործընթացին, կտեսնի, որ այս հարցը մշտապես եղել և մնում է և տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից։ Թույլ տվեք իմ ելույթից ընթերցեմ այն հատվածը, որը ես հնչեցրի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին. «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: Առանց սահմանափակման տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայում։ Այս ամենն ընդգծում է Ադրբեջանի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»:
Սա հնչեցվել էր ընդամենը երկու ամիս առաջ Բրատիսլավայում, և առաջին անգամ չէ, որ այն հնչեցվել է։ Սա կարևորագույն տարր է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման դիրքորոշման մեջ։ Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ, մենք դրա որևէ առիթ չենք տվել և նպատակ չունենք տալու>,- ասել է ԱԳ նախարարը: