Արմինֆո. Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը: Այդ մասին ՙՖվեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հ ավաստգմամբ, նիստի արդյունքներով որոշվել է.
1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
ՙՀարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար՚, - գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Առողջապահության նախարարությունը եւ Հայաստանի ԱԳՆ-ն քննարկում են համատեղ գործողությունները վրացի եւ իրանցի գործընկերների հետ, եւ վարակին հակազդման բոլոր միջոցները ձեռնարկվում են համաձայնեցված:. Վերջին տվյալներով՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Զոհերի թիվը հասել է 8-ի։ Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցրել է քաղաքացիների գրանցումն ու ընդունելությունը: ՀՀ ԱԳՆ - ն կոչ է արել ՀՀ քաղաքացիներին առանց ծայրահեղ անհրաժեշտության չմեկնել Իրան: Իսկ փետրվարի 22-ին Մեղրիի սահմանային անցակետ է ուղարկվել բժիշկների մի խումբ՝ ժամանող և մեկնող քաղաքացիների խստացված վերահսկողության համար։ Վտանգավոր վարակի նշաններ առայժմ ոչ մեկի մոտ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Չինաստանում CAVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը փետրվարի 24-ի դրությամբ հասել է 2592-ի, վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 150 վարակակիր: Ամբողջ երկրում գրանցվել է վարակի մոտ 77,1 հազար դեպք, 24,7 հազար վարակվածներ ապաքինվել են։