Արմինֆո.Սիրիայի շուրջ վերջին ազդակների առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների նկատվող սրումը, անշուշտ, վտանգ է պարունակում Հայաստանի և Արցախի համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
"Իդլիբի շուրջ վերջին իրադարձություններն իրենց մեջ պարունակում են ողջ տարածաշրջանի ապակայունացման ներուժ։ Անկարան կարող է գնալ այդ քայլին ՝ Բաքվին դրդելով Արցախի դեմ հերթական արկածախնդրության։ Ամեն դեպքում, Արցախի ուղղությամբ իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ կարժանանա հայկական կողմի ասիմետրիկ պատասխանի, որը այդ ապակայունացման նախաձեռնողներին քիչ չի թվա", - ընդգծել է նա։
Մեծ Իդլիբի տարածաշրջանում ակտիվ մարտական գործողությունների էպիկենտրոնը վերջին երկու օրվա ընթացքում տեղափոխվել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ռազմաճակատի հարավային հատված: Ռուսական և սիրիական ավիացիան զանգվածային հարվածներ են հասցրել Մաարաթ ան Նումանա քաղաքից արևմուտք գտնվող իսլամական գրոհայինների դիրքերին: Վերջին շաբաթներին Բաշար Ասադի ուժերը հաջող գործողություններ են իրականացրել Իդլիբի Արևելքում։ Այս ֆոնի վրա կողմերը շարունակում են ամրապնդել ճակատային գիծը: Թուրքական տեխնիկայի շարասյուներն ամեն օր Սիրիա են ուղևորվում։ Անցած շաբաթ նման շարասյուներից մեկի կազմում նկատվել են Թուրքիայի ԶՈՒ Leopard 2A4 տանկեր։
Ընդ որում, գեներալ-մայորը, հետևելով Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների սիրիական ուղղության զարգացումներին, ավելի շուտ սպասում է դրանց կարգավորում։ Նրա գնահատականներով, չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանի բոլոր հարձակումներին ու մկանախաղերին, այդ ամենն ունի իր սահմանափակումները։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական, բացահայտ սրման գնալ նա չի հանդգնի։
"Թուրքիան, պարզապես, ստիպված է զգուշություն ցուցաբերել ՝ նրա ռազմական ներուժը, հնարավորությունները և, համապատասխանաբար, շանսերը ոչ մի համեմատության մեջ չեն մտնում ռուսականի հետ։ Հատկապես, հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները առանձնապես չեն ձգտում Ռուսաստանի հետ մարտնչել։ Այս լույսի ներքո՝ ես ակնկալում եմ նոր բանակցություններ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ' Սիրիայի հարցով որոշակի փոխզիջման հասնելու նպատակով: Այդ թվում՝ հաշվի առնելով նրանց ընդհանուր աշխարհատնտեսական շահերը", - ամփոփել է Կոմանդոսը ։