Արմինֆո. Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Հայաստանը փակում Է Իրանի հետ սահմանը։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՙՍիրելի հայրենակիցներ, հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։
Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են՚, - գրել է վարչապետը։
Հավելենք, որ Իրանի հետ սահմանն արդեն փակել են Թուրքիան, Պակիստանը, Վրաստանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքն ու Աֆղանստանը։ Կորոնավիրուսից աշխարհում բուժվել է 23290 մարդ, վարակվածների թիվը հասել է 78 817-ի։ Կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 2462 մարդ, այդ թվում՝ 5 մահ գրանցվել Է Իրանում ։