Արմինֆո. Սահմանադրական հանրաքվեն ոչ այլ ինչ է, եթե ոչ "թավշյա հեղափոխության" շարունակությունը Հայաստանում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
"2018-ի մայիսի իշխանափոխության և ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի միջև ամուր կապ կա։ Թե առաջինը, թե երկրորդը արմատական բարեփոխումների, Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացման օղակներն են։ Ասել է թե ՝ սպասվող հանրաքվեն միտված է մեր երկրում ժողովրդավարության կայացմանն ու զարգացմանը", - ընդգծել է նա։
Հակառակ դեպքում, ըստ Բաբաջանյանի, ոչ մի այլ նպատակ չէր կարող արդարացնել այնպիսի գործիքի կիրառումը, ինչպիսին է հանրաքվեն։ Պատգամավորը չի կասկածում Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման եւ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության միջեւ ուղիղ կապի առկայությանը: "Այո" ասելով՝ հայ հասարակությունը, ըստ նրա, ՙայո՚ կասի ոչ միայն և ոչ այնքան ՍԴ կազմի հեռացմանը, որքան երկրում խորքային բարեփոխումների շարունակմանը։ Վերջինը, նրա համոզմամբ, Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության ուղղակի երաշխիք է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Ավելի վաղ ՝ փետրվարի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեի միջոցով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա ՍԴ-ի գործող կազմը պաշտոնանկ անել։
Ընդ որում, խորհրդարանականը համոզված է, որ անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործունեությանը եւ մասնակցությանը ժողովրդի ընտրական իրավունքի նկատմամբ բռնության ակտերին վերջին երկու տասնամյակների ընթացքում: Բաբաջանյանը սահմանադրական ճգնաժամի ինստիտուցիոնալ հաղթահարումը չի պատկերացնում առանց այդ գնահատականի։ Ավելին, այս գնահատականի բացակայությունն անիմաստ է դարձնում ՍԴ-ի շուրջ ընթացող ողջ գործընթացը։
"Համապատասխանաբար, անհրաժեշտ քայլ եմ համարում մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը խորհրդարանի կողմից քաղաքական-իրավական գնահատական տալը։ Առանց այդ գնահատականի գործընթացն ամբողջական չի լինի, և, մեծ հաշվով, ոչինչ չի բերի ոչ ժողովրդավարությանը, ոչ մեր երկրի սահմանադրականությանը։ Այս իմաստով հանրաքվեն դադարում է լինել բացառապես իշխանությունների խնդիրը, ինչպես դա փորձում են ներկայացնել շատ ընդդիմադիրներ ։
Հանրաքվեն պետության խնդիրն է, քանի որ դրա արդյունքը լուծելու է ոչ թե իշխանության, այլ պետության ու հասարակության կարևորագույն խնդիրները։ Եվ վստահության ու հեղինակության բարձր մակարդակով օժտված ՍԴ-ի ձևավորումը հանրաքվեի ակնկալվող արդյունքներից մեկն է", - ամփոփել է խորհրդարանականը։