Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին հրամանագիր է ստորագրել երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից: Արթուր Բաղդասարյանն ազատվել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:
Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի էր դարձել տարեսկզբից հայկական բանակում 13-րդ զինծառայողի մահվան մասին, և գրեթե բոլոր այդ մահերը տեղի են ունեցել չպարզված հանգամանքներում։ Հասարակության շրջանում բուռն քննարկվում է այս փաստը, սոցիալական ցանցերում արդեն պահանջում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հրաժարականները: Այս իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ վարչապետի մոտ տեղի էր ունեցել պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն:
Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում, անդրադառնալով նախօրեին կառավարությունում պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, գրել էր. <Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին>։