Արմինֆո. Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն պետք է դառնա Հայաստանում հեղափոխության շարունակությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Սասնա Ծռեր" համահայկական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը։
"Այդ նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հանրաքվեի օրակարգին կցել քաղաքական փաստաթուղթ՝ անցումային տրամաբանության շրջանակներում շատ սեղմ ժամկետում հեղափոխական գործընթացը շարունակելու կետերով։ Այդ փաստաթղթի առաջին կետը պետք է լինի նախկին ռեժիմին քաղաքական և իրավական գնահատականը՝ անցումային արդարադատության իրականացման միջոցով։ Վերջինիս բաղադրիչները պետք է լինեն ուժային գերատեսչությունների լյուստրացիան, տնտեսական լյուստրացիան, հանցավոր խմբավորումների և կազմակերպությունների դուրս բերումը քաղաքական դաշտից ", - նշել է նա։
Հաջորդ քայլը, ըստ "Սասնա ծռերի", պետք է լինի նոր Ընտրական օրենսգրքի և հետո միայն նոր Սահմանադրության ստեղծումը՝ հետագայում արտահերթ ընտրությունների անցկացմամբ։ Սեֆիլյանը համոզված է գործող Սահմանադրական դատարանի յոթ անդամների հեռանալու անհրաժեշտության մեջ և զարմացած է, որ նրանք շարունակում են մնալ իրենց աթոռներին՝ անգամ երկրում իշխանափոխությունից մեկուկես տարի անց։ Նրա կանխատեսումների համաձայն, նման իրավիճակը երկրին սպառնում է լուրջ մարտահրավերներ, ներքին ցնցումներ ու վտանգներ։
Նման իրավիճակի ձևավորման հիմնական պատճառը Սեֆիլյանը համարում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից նախորդ ռեժիմի ժառանգորդի կարգավիճակի ընդունման փաստը: Նրա գնահատմամբ՝ այսօր էլ վարչապետը շարունակում է աշխատել այդ կարգավիճակում և այդ տրամաբանության շրջանակներում՝ նախկին ռեժիմից ժառանգած Գլխավոր դատախազությունով, Սահմանադրական դատարանով, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունով և այլն:
"Մինչդեռ, մենք համոզված ենք, որ նման կասկածելի բովանդակությամբ իրավապահ կառույցների միջոցով հնարավոր չէ մեր երկիրը մաքրել կոռուպցիայից, հանցագործներից և նման բազմաթիվ այլ երևույթներից։ Դժբախտաբար, վարչապետը երբեք չի լսել մեր պարբերական կոչերը և շարունակում է գործել հեղափոխական տրամաբանության շրջանակներում։ Արդյունքում՝ արդեն այսօր մենք հայտնվել ենք համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության առջև՝ անցյալի ոչ լեգիտիմ ռեժիմի 7 ներկայացուցիչների աթոռներից հանելու միակ նպատակով", - ամփոփել է Սեֆիլյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Ավելի վաղ ՝ փետրվարի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեի միջոցով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա ՍԴ-ի գործող կազմը պաշտոնանկ անել։