Արմինֆո.Հայաստանի խորհրդարանում փակ քննարկում է ընթանում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: Քննարկումը, որը նախաձեռնվել է բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ, անցկացվում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների մասնակցությամբ:
Միևնույն ժամանակ, փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախօրեին կառավարությունում պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը: ՙԵրեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել:
Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին՚, - գրել է վարչապետը: ԱրմԻնֆո-ի աղբյուրի տվյալներով՝ կայացված որոշումների արդյունքում առաջիկա մի քանի օրվա ընթացքում պետք է սպասել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանի հրաժարականները: Պաշտոնից կզրկվի կամ ինքըլ հրաժարական կտա Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։
Չի բացառվում, որ Աբրահամյանի հրաժարականին հետևեն պաշտոնանկություններ Արցախի ՊԲ-ում։ Հավելենք, որ տարեսկզբից ի վեր բանակում հաճախակի են դարձել հրազենի գործադրմամբ և մահացու ելքով ողբերգական միջադեպերը: Այս առնչությամբ խորհրդարանականները բազմիցս կոչ են արել պատկան մարմիններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում պաշտոնատար անձանց կողմից մատնանշվել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությունը։