Արմինֆո. Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվել են “Հայաստանի հետ համագործակցության” ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։
Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին: Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։