Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որևէ տեղեկություն չունի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի նավթագազային ձեռնարկությունների բաժնետոմսերի սեփականատեր լինելու վերաբերյալ։
Փետրվարի 4-ին "Ադեկվատ" կուսակցության անդամները Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա էին անցկացրել՝ Արմեն Սարգսյանին մեղադրելով Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Ադրբեջանում և Թուրքիայում British Petroleum-ի նախագծերում ներդրող Knightsbridge ընկերությունում բաժնեմաս ունենալու համար։ Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, թե կսպասեն պատասխանի մեկ ամսվա ընթացքում, որից հետո հանդես կգան նոր ակցիաներով:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հերքել էր "ադեկվատների" կողմից տարածվող այդ լուրերը: ՙՆախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:
Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները: Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր:
Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ որևէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում և Ադրբեջանում: Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին՚, - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած պարզաբանման տեքստում: