Արմինֆո. Զինված ուժերում զինծառայողների զոհվելու հիմնական մեղավորը սպայական կազմն է։ Հենց այդ մարդիկ են, որ զորամասերի մթնոլորտը կարգավորելու և վերահսկելու անկարողություն են ցուցաբերում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռազմական իրավունքի մասնագետ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Տարեսկզբից ի վեր Հայաստանի ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ են դարձել 10 զինծառայողներ։ Փետրվարի 12-ին հայտնի դարձավ երկու ժամկետային զինծառայողների մահվան մասին:
Նորիկյանը համոզված է, որ նախորդ տարիներին նման հանցագործությունների լիարժեք հետաքննություն անցկացնելու, մեղավորներին հայտնաբերելու և, անկախ նրանց անձից, պատժելու դեպքում բանակում պատկերն այսօր բոլորովին այլ կլիներ: Նրա գնահատմամբ՝ գործերի նման վիճակն անթույլատրելի է եւ անհապաղ կարգավորման կարիք ունի։ Իրավիճակը, որում հայտնվել են զինված ուժերը, բանակում տիրող բարքերը փաստաբանը գնահատում է որպես ուղղակի մարտահրավեր ժամկետային զինծառայողներին։
Ըստ փորձագետի, բանակում ողբերգական դեպքերի է հանգեցնում զորամասերում ոչ ֆորմալ, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունը, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն հայ հասարակության համընդհանուր արժեքների հետ: Նրա գնահատմամբ, բանակի ղեկավարությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում այս ճգնաժամային իրավիճակին ի պատասխան։ Կամ արձագանքում է ոչ բավարար, զինվորական կանոնադրությանը չհամապատասխանող մակարդակով եւ անբավարար ուշադրությամբ եւ սրտացավությամբ:
Նրա կարծիքով, գործող իշխանությունները եւ բանակի ղեկավարությունը թերագնահատում են արատավոր երեւույթների վերացման, բանակում նորմալ հոգեբանական մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը: Նորիկյանը համոզված է, որ բանակը իշխանության և հասարակության կողմից պետք է ընկալվի որպես կրթական հաստատություն, այլ ոչ թե՝ գոյություն չունեցող հանցագործության համար մեքը կրելու վայր։ Եվ քանի դեռ ղեկավարությունը շարունակում է իրավիճակը կարգավորել այդ խնդիրների նկատմամբ անբավարար ուշադրությամբ, նման ողբերգությունները ԶՈՒ-ում կշարունակվեն։
"Բազմաթիվ ողբերգական դեպքերից պատշաճ հետևություններ չեն արվում։ Բանակային ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ բանակում տիրող իրավիճակի և զինծառայողների զոհվելու պատճառահետևանքային կապը։ Համոզված եմ, որ մեր տղաների մահերը ոչ մի արդարացում չունեն։
Մենք այդ զոհերը թույլ տալու իրավունք չունենք։ Ժամանակն է որոշակի անձանց որոշակի պատասխանատվության ենթարկել զինված ուժերում ստեղծված այս անթույլատրելի իրավիճակի համար։ Իսկ գեներալները, որոնք չեն կարողանում ապահովել զինվորական կանոնադրության իրականացումը զինված ուժերում, պետք է պաշտոնանկ արվեն", - եզրափակել է փորձագետը ։