Արմինֆո. ժամանակակից զինատեսակներով Հայաստանի զինված ուժերի համալրում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վստահության բարձր մակարդակի վկայությունն է, կարծում է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
"Նման զենքի համար մյուս երկրները պատրաստ են վիթխարի գումար վճարել։ Մյուս կողմից, դա հայոց բանակի ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի ցուցանիշ է։ Ամեն մեկը չէ, որ կարող է ճիշտ օգտագործել էլեկտրոնիկայով եւ ավտոմատիկայով հագեցած զենքը: Իսկ նոր սպառազինությունում օգտագործվել են հիմնարար եւ ռազմական գիտության վերջին բոլոր ձեռքբերումները", - նշել Է գեներալը ՝ պատասխանելով Novostink-ի հարցին։
Ըստ Սիդորովի՝ նոր գերժամանակակից ռազմական տեխնիկայի յուրացումը հայկական բանակը կդնի նոր, ավելի բարձր աստիճանի՝ նրան տալով ժամանակակից ցանցային ռազմական գործողություններ վարելու ունակություն։ Ընդ որում, ռուս գեներալը համոզված է, որ հայկական բանակի հզորացումն ավելի ուժեղ կդարձնի ՀԱՊԿ-ը:
"Ավանդաբար ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համատեղ զորավարժություններին ներկայացնում են միայն ամենանոր և ժամանակակից սպառազինություն։ ՀԱՊԿ անդամ երկրների համար Հայաստանի զինված ուժերի նոր սպառազինությունը յուրատեսակ ծանոթություն կդառնա նոր ժամանակակից սպառազինությանը, ինչը օգուտ կտա բոլորին", - ամփոփել է Կազմակերպության միացյալ շտաբի պետը։
Բացի 12 գերժամանակակից Սու-30մ ինքնաթիռների մատակարարման պայմանագրից, որոնցից չորսն արդեն գտնվում են հանրապետությունում, Հայաստանի զինված ուժերը վերջին տարիներին ներռուսաստանյան գներով ձեռք են բերել բազմաթիվ գերժամանակակից զինատեսակներ. "Վերբա" ԶՀՀ, "Իսկանդեր" հրթիռային համալիրներ, "Տորնադո" համազարկային կրակի համակարգեր, "Սմերչ" համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա "Սոլնցեպեկ" ռեակտիվ հրանետային համակարգեր, "Ինֆաունա" ռադիոԷլեկտրոնային պայքարի համակարգեր, "Ավտոբազա-Մ" պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, "Բուկ-Մ2" զենիթահրթիռային համալիրներ: