Արմինֆո. Բազմադարյա պատմություն ունեցող Երևանի Կարմիր կամուրջը կվերականգնվի ներդրող Յուրի Աֆրիկյանի ջանքերով, ով այդ նպատակով կհատկացնի 350 մլն դրամ։ Համապատասխան որոշում է կայացվել Երեւանի ավագանու փետրվարի 11-ի նիստում։
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է մոտ 5 մլրդ դրամի ներդրում։ Մասնավորապես, նախատեսվում է հյուրանոցային համալիրի և հայկական արհեստների կենտրոնի կառուցում։
Հրազդան գետի վրա պահպանված կիսավեր կամուրջը մայրաքաղաքի հնագույն կամուրջն է, որը «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Կարմիր կամուրջը վերակառուցվել է 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Կամուրջն ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն և կապում էր Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Նախկինում Կարմիր կամրջի վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտններ ու հեծյալներ։ Ռազմական նպատակների համար կիրառված այս կամուրջը պարբերաբար վերանորոգվել է։