Արմինֆո. Մեր պետությունը պետք է պաշտպանի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների իրավունքներն ու շահերը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։
"Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է տեղեկատվություն ստանալու նրանց իրավունքի պաշտպանությանը։ Որոշ հայկական լրատվամիջոցներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են։ Առաջին հերթին ես դա գնահատում եմ որպես հարված, պատիժ Ռուսաստանում բնակվող հայերի նկատմամբ։ Սա էթնիկ փոքրամասնության նկատմամբ գրաքննության դրսեւորում է։ Դա ակցիա է խոսքի ազատության նկատմամբ։ Եվ նման քայլը, պարզապես, անթույլատրելի է, գործնականում, ցանկացած տեսանկյունից այն դիտարկելիս", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Արշակյանը տեսնում է Հայաստանի պետական մակարդակով արձագանքի անհրաժեշտություն։ Ընդ որում, նրա ասելով, խոսքն ամենևին էլ սիմետրիկ պատասխանի մասին չէ՝ Հայաստանի տարածքում ռուսական ԶԼՄ-ների հեռարձակումը դադարեցնելու տեսքով: Խոսքը բողոքի նոտա հղելոււ անհրաժեշտության մասին է։ Նրա կարծիքով, դա պետք է լինի կոչ՝ կապված խոսքի ազատության սահմանափակման անթույլատրելիության, Ռուսաստանում բնակվող հայերի՝ Հայաստանից տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ։
"Ռոսկոմնադզորի" որոշմամբ անցյալ տարվա հունվարից Ռուսաստանում արգելափակվել են մի շարք հայկական լրատվական կայքեր։ Ըստ նույն "Ռոսկոմնադզորի", նման որոշում կայացնելու համար առիթ է հանդիսացել ՌԴ-ում բնակվող, ՀՀ ԱԳ նախարարի նախկին խորհրդական Ռուբեն Թաթուլյանի կողմից դատարան ներկայացված հայցը։ Վերջինս քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռոբսոն։
Ռուսական դատարանը գտել է, որ հայկական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը խախտում են անձնական տվյալների մշակումը և պահանջել է հայկական մի շարք լրատվամիջոցներից հեռացնել նշված նյութերը։ Դրանից հետո, հունվարի 24-ից 30-ը "Ռոսկոմնադզորը" Ռուսաստանի տարածքում արգելափակել է Azatutyun.am, Hetq.am, Armtimes.com, Lragir.am, 1in.am, Shame.am, Aravot.am. եւ Mamul.am կայքերը: Ուշագրավ է, որ վերոնշյալ բոլոր լրատվամիջոցները կամ իշխանամետ են, կամ չեզոք են Հայաստանի իշխանությունների նկատմամբ, դրանց շրջտանում հակակառավարական լրատվամիջոցներ չկան։