Արմինֆո. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան մեկնաբանել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով 2020 թվականին Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը հարցականի տակ դրվելու հավանականությունը:
Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով համապատասխան հարցին, դեսպանը նշել է, որ այս պահին կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում ամառային Օլիմպիական խաղերի չեղարկման կամ տեղափոխման հնարավորության մասին խոսք չկա: "Վստահ եմ, որ Չինաստանի կառավարությունը նույնպես վերահսկում է իրավիճակը։ Բացի այդ, իրականացվում է համապատասխան տեղեկատվության մշտական փոխանակում։ Կորոնավիրուսը նոր մարտահրավեր է, որը կանգնած է մեր առջեւ, եւ մենք կփորձենք աշխարհին ցույց տալ նրան դիմակայելու մեր հնարավորությունները", - ընդգծել է Յամադան:
2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 9-ը:
Վերջին տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 40 հազարը: Ընդ որում, Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վարակման ավելի քան 360 դեպք։