Արմինֆո. Պատմականորեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը կրում էր հումանիտար բնույթ, սակայն եկել է այդ շրջանակներից դուրս գալու և երկու երկրների ղեկավարության մակարդակով ավելի համակարգված փոխգործակցություն ունենալու ժամանակը։ Այդ մասին փետրվարի 7-ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ Հայաստանի համայնքների միության "Ֆրանսիա" խմբի նիստի ժամանակ։
Դեսպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ֆրանսիացի շատ գործարարներ Արցախի հետ համագործակցության ծրագրեր են իրականացնում։ Մինչդեռ, ինչպես նշվել է, ժամանակն է նրանց հիշեցնելու, որ գերակա ուղղություններ կան նաև Հայաստանում, և աջակցությունը չպետք է իրականացվի մեկը մյուսի հաշվին։
Լաքոտը նկատել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը հատուկ նշանակություն ունի, քանի որ ձեւավորվել է դեռեւս երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առաջ: Մասնավորապես, նշվել է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ձեւավորված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ակտիվ փոխգործակցության մասին։ Հաշվի առնելով դա, ինչպես նշել է դեսպանը, Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ համայնքներ նշում են իրենց համագործակցության 30-ամյակը, մինչդեռ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններն ունեն 28 տարվա պատմություն: Ընդ որում, ինչպես նշվել է, այդ փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել ինչպես երկու երկրների ՏԻՄ-երի, այնպես էլ հայ համայնքի ակտիվ դիրքորոշման շնորհիվ: Նրա խոսքով, 2020 թվականի դեկտեմբերին այդ փոխգործակցությունը նոր թափ կստանա Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվող համաժողովի շնորհիվ: Լաքոտը նշել է, որ այս համաժողովի հնարավորություններից պետք է օգտվել, հատկապես, հաշվի առնելով, որ ընթացիկ տարում Ֆրանսիայի բոլոր համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ նորընտիր ղեկավարության հետ հայկական կողմը պետք է կապեր հաստատի: Ընդ որում, դեսպանը հայտարարել է այդ հարցում Ֆրանսիայի դեսպանատան աջակցության պատրաստակամության մասին։
Լաքոտը նաեւ նշել է, որ 2018 թվականից Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Ֆրանսիայի ՏԻՄ-երի ներկայացուցիչներն ակնկալում են, որ առկա փոխգործակցությունը կբարձրանա նոր մակարդակի: