Արմինֆո.Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծի նախաձեռնող Վահագն Հովակիմյանը խորհրդարանին առաջարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը դնել համաժողովրդական քվեարկության (հանրաքվեի): Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Հովակիմյանը։
Նա հայտարարել է, որ <Իմ քայլը> խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի այդ օրինագիծը, և այդ ժամանակ ուժի մեջ կմտնի Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի՝ առաջարկվում է հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ: <Այսպիսով՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հարցը կորոշի ժողովուրդը։ Դա ուղղակի ժողովրդավարություն է>, - ընդգծել է Հովակիմյանը ։
Նշենք, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, որ եթե Հայաստանի խորհրդարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունում, ապա այն կարող է հանրաքվեի դրվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խորհրդարանի արտահերթ նիստն ավարտվեց՝ այդպես էլ չսկսված։ Խորհրդարանի խոսնակի խոսքով ՝ օրինագծերի հեղինակը հետ է կանչել իր նախաձեռնությունները լրամշակման համար։ Սակայն, մի քանի ժամ անց որոշում է կայացվել երկրորդ անգամ հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ։ Այս անգամ օրակարգում է ընդամենը մեկ օրինագիծ ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին։ Նոր խմբագրությամբ հոդվածում ասվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: