Արմինֆո.Սահմանադրական դատարանին վերաբերող ցանկացած հարց, որը կքննարկվի Ազգային ժողովում, ոչ մի դեպքում դուրս չի գա խորհրդարանականների լիազորությունների շրջանակից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
"ՍԴ-ի շուրջ խնդրի լուծումը պետք է սահմանադրական հիմք ունենա։ Այս որոշումը պետք է մեզ թույլ տա հնարավորինս շուտ հարկադիր պարապուրդից դուրս բերել Սահմանադրությունը։ Մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որը մեզ բոլորիս թույլ տա ստանալ այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք ոչ մի կերպ չեն խոչընդոտի իշխանության սահմանադրական ինստիտուտների բնականոն աշխատանքին", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով ՍԴ-ի շուրջ դիմակայության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունը՝ Վարդանյանն այն որակել է որպես, առաջին հերթին, ՍԴ դատավորներին ուղղված կոչ՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործունեությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման, և դուրս չգալ սահմանադրական կարգավորումներից։ Եվ, իհարկե, Բուքիքիոն իր հայտարարությունն ուղղել է Հայաստանի բոլոր պետական կառույցներին։
"Առաջին հերթին, հայտարարության մեջ գերակշռում էր այդ կոչը, այլ ոչ թե քննադատությունը իշխանությունների հասցեին, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։ Ամենևին էլ պատահական չէ, որ այնտեղ հիշատակվում են նաև վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտի հղումները, ինչպես նաև հանրային հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը, որը կարող է վտանգել սահմանադրական գործընթացները", - ամփոփել է խորհրդարանականը։