Արմինֆո.Անցյալ տարի 70-ամյակը նշած Եվրոպայի խորհուրդն այսօր լուրջ խնդիրների է բախվում։ Կազմակերպության իմիջին լուրջ վնաս են հասցրել կոռուպցիոն սկանդալները, մասնավորապես՝ <խավիարային դիվանագիտությունը>։ Ինչպես հաղորդում է Turan-ը, <Ամերիկայի Ձայնի> ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, դեսպան Արիֆ Մամեդովը, որն այժմ Եվրոպայում քաղաքական էմիգրացիայում է գտնվում:
<Ես չեմ կարող ասել, որ այդ խնդիրները վերացվել են։ Մի շարք հարցերում դեռեւս լուրջ փոփոխություններ չկան դեպի լավը։ Ճիշտ է, որոշ կոռուպցիոներներ հեռացվել են ազգային պատվիրակություններից, սակայն թե քարտուղարությունում, թե մի շարք պատվիրակություններում շարունակում են մնալ կոռուպցիային մասնակից անձինք>, - ասել է Մամեդովը ։
Նա ինքը ցուցմունք է տվել անկախ քննչական խմբին, որը ստեղծվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի փաստերը հետաքննելու համար։ Մամեդովն անհրաժեշտ է համարում պատվիրակությունների կազմերի վերահսկողության մեխանիզմի ստեղծումը։ Դրանցում պետք է ներկա լինեն ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները։ Սակայն, ադրբեջանական պատվիրակությունում ընդգրկված են միայն իշխանության ներկայացուցիչները ՝ իրական ընդդիմության բացակայության պատճառով, ասել է նա ։
Հարցին, թե ինչ մեխանիզմներ են մշակվել ԵԽԽՎ-ում ապագայում կոռուպցիայի կանխարգելման համար, Մամեդովը նշել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն: Արգելվել է մի շարք պատգամավորների մուտքը Եվրոպայի խորհրդի շենք։ Սակայն, ոմանք այսօր էլ ներկայացված են իրենց խորհրդարաններում։ Ոմանք ընդհանրապես խուսափել են հետաքննությունից։ Սկանդալի ամենահայտնի ֆիգուրանտ Է դարձել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն։ Ապացուցվել է, որ Ադրբեջանի կառավարությունը իր հաշվեհամարներին գումար է փոխանցել։ <Ես ներկա եմ եղել իտալական դատարանում նրա գործի դատավարությանը։ Նրան պաշտպանող փաստաբաններին մինչ օրս ֆինանսավորում է ադրբեջանական կողմը ։ Դահլիճում իտալական ոստիկանության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ Վոլոնտեին պաշտպանում են երկրի լավագույն փաստաբանները: Ընդ որում, Վոլոնտեն ձերբակալված չէ, նրա նկատմամբ որևէ սահմանափակում չկա։ Միայն 3-5 ամիսը մեկ նրան դատարան են կանչում, ինչ-որ հարցեր տալիս։ Եվ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Ավաղ, Եվրոպան շատ է հեռացել իր արժեքներից, եւ դա ճիշտ է>, - նշել է Մամեդովը ։
2016 թվականի դեկտեմբերին European Stability Initiative (ESI) ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակեց <Խավիարային դիվանագիտություն – 2> հետաքննությունը, որը վերաբերում էր ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու պրակտիկային ՝ պաշտոնական Բաքվին շահավետ որոշումներ ընդունելու նպատակով: Ըստ այդ զեկույցի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեն նշել է եվրոպացի շատ քաղաքական գործիչների անուններ, ովքեր ոբբինգ էին անում ադրբեջանական իշխանությունների շահերը: Հարցաքննությունների ժամանակ նա հաստատել է, որ իր հաշվեհամարներին գումարներ են ստացվել Ադրբեջանից, որոնք, ESI-ի կարծիքով, ուղղվել են Իտալիայի եւ Եվրոպայի այլ երկրների պատգամավորներին կաշառելուն: Այդ պատգամավորները դեմ են քվեարկել ԵԽԽՎ բանաձեւերին եւ զեկույցներին, որոնք դատապարտում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, հայտարարել է ESI-ն: