Արմինֆո. Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության շատ առումներով անհասկանալի արձագանքը 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններին Սերժ Սարգսյանին ուղղված շատ հարցերի տեղիք կտա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Այդ իրադարձությունների գրեթե բոլոր դերակատարները կանչվում են ապրիլյան պատերազմի հետաքննության հանձնաժողով։ Վաղ թե ուշ այնտեղ կհայտնվի նաև Սարգսյանը։ Եվ, հաշվի առնելով այն օրերի, մեղմ ասած, անհասկանալի իրողությունների առկայության փաստը, կարծում եմ, նա ստիպված կլինի պատասխանել իր համար բավականին բարդ հարցերի", - նշել է նա։
Նախկին նախագահին ուղղվելիք առավել հնարավոր հարցերից քաղաքագետն առանձնացրել է Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում Երևանի որևէ դատապարտող քաղաքական հայտարարության բացակայության պատճառների մասին հարցը: Առանձին հարց են այն պատճառները, թե ինչու էր նախագահ Սարգսյանն անձամբ միջազգային հանրությունից թաքցնում "քառօրյա պատերազմի" արդյունքում զինադադարի գծի էական փոփոխության փաստը։
Մեկնաբանելով օրերս հանձնաժողով կանչված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ապրիլյան պատերազմի օրերին ճակատագրական սխալների բացակայության մասին հայտարարությունը՝ Ղուկասյանը ենթադրել է, որ նախկին նախարարը նկատի է ունեցել բացառապես սեփական պատասխանատվության շրջանակը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հանձնաժողովի անդամների կողմից 2016 թվի ապրիլի 4-ի իրադարձությունների վերաբերյալ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի համատեղ զեկույցի ուսումնասիրությանը։
"Այլ կերպ ասած՝ այստեղ Օհանյանը դիտարկում է բանակի գործողություններն ու սեփական պատասխանատվությունն այդ գործողությունների համար։ Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի ղեկավարության և անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական պատասխանատվության մասին չէ։ Մինչդեռ, 2016 թվի ապրիլի առաջին օրերին հենց քաղաքական ղեկավարության պահվածքն է էապես ազդել ինչպես մարտական գործողությունների ընթացքի, այնպես էլ դրանց ավարտի և, իհարկե, այդ պատերազմին հաջորդած իրադարձությունների վրա", - ամփոփել է քաղաքագետը։