Արմինֆո. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին լրագրողներին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նրա խոսքով, Ղուկասյանը հարցաքննվելու է <Թումո> կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Խոսքը վերաբերում է <Թումո>-ին տրված՝ Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինություններին: Մասնավորապես՝ վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 հոդված հատկանիշերով (պաշտոնեական կեղծիքը):
Դատախազը նաև տեղեկացրել է, որ առկա են նաեւ անշարժ գույքի օտարման այլ՝ կասկած հարուցող փաստեր: Դա վերաբերում է, մասնավորապես, <Կումայրի> պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում գտնվող շինություններին և Ղուկասյանների ընտանիքին պատկանող <Օազիս> սրճարանին: Դատախազության ուշադրության կենտրոնում են նաև Գյումրիում գտնվող <Հոկտեմբեր> կինոթատրոնի, <Տրոլեյբուսային պարկ> -ի և մի շարք կաթսայատների օտարման դեպքերը: Այս բոլոր դեպքերով դատախազությունը համապատասխան հարցումներ է ուղարկել քաղաքապետարան ՝ առկա փաստաթղթերը տրամադրելու պահանջով։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1999-2012թթ.: