Արմինֆո. Կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացնելու «նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV)»:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, վերջինը հնարավորություն կընձեռի վարակի կանխարգելման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու, հիվանդների հոսպիտալացման գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելը դյուրին դարձնելու հարցերը՝ շրջապատին զերծ պահելով վարակի տարածումից:
ՙ2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար՚, - նշվում է հաղորդագրությունում: