Արմինֆո.ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասվում է.
<<Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից: Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը:
Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ:
Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ: Այս կապակցությամբ, մենք՝ ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը, դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում, վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար, դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել>>:
Գրավոր հայտարարությանը նաեւ միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից: