Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է որպես "Շմայս") որդին՝ Դավիթ Մովսիսյանը, ինչպես նաեւ եւս երկու անձ՝ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը, ձերբակալվել են ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվանն առնչվող քրեական գործի շրջանակներում: Այդ տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեում։
Երեքն էլ զոհվածի ծառայակիցներն են և կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (ոչ կանոնադրական հարաբերություններ) նախատեսված արարք կատարելու համար: Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2020թ. հունվարի 30-ին ՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊՆ ուսումնական կենտրոնում. N զորամասի զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ ինքնաձիգից կրակել է իր կրծքին և մահացել:
Նախօրեին, նրա հուղարկավորության օրը, զոհվածի հարազատները փակել էին Արգավանդ գյուղի խաչմերուկը, բողոքելով, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հոդվածով։ Զինվորի հարազատների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՝ խոստանալով միջադեպի անաչառ քննություն: