Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից յուրաքանչյուրն, ըստ էության, և հենց Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը շարունակում են Արցախի շուրջ խաղալ իրենց սեփական խաղերը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Նրա համոզմամբ, Մոսկվան այսօր էլ շարունակում է առաջ մղել "Լավրովի ծրագիրը", Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները շարունակում են բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունը կապել Մոսկվայի ցանկությունների հետ։ Նա կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում Արցախի վերաբերյալ ռուսական մոտեցումների ամբողջական համաձայնեցումը մյուս համանախագահների հետ։ "Ի դեպ, Ֆրանսիայի նախագահն օրերս պատրաստակամություն է հայտնել լինելու հայ ժողովրդի և Արցախի կողքին", - ընդգծել է քաղաքական գործիչը։
Սարգսյանն անթույլատրելի է համարում այն իրավիճակը, որում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում է պնդել "Լավրովի պլանն" այն պայմաններում, երբ Հայաստանն արդեն զիջել է այն ամենը, ինչ հնարավոր էր։ Ավելին, 2016-ի ապրիլյան պատերազմը քաղաքական գործիչը պայմանավորում է այն ժամանակ Մոսկվային տեղի տալը շարունակելուց Սերժ Սարգսյանի հրաժարումով։
Մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած հայտարարությունը, թե՝ անհրաժեշտ է բանակցություններում նախաձեռնությունը տեղափոխել Արցախի ձեռքը, քաղաքական գործիչը այն գնահատել է անիրատեսական ՝ դա պայմանավորելով բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի բացակայությամբ: Ընդ որում, Արամ Սարգսյանը միանգամայն բացառում է այն իրավիճակը, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է չունենալ արցախյան կարգավորման ապագայի ծրագիր, տեսլական։
"Այն պայմաններում, երբ բանակցությունների սեղանին դրված են "մադրիդյան սկզբունքները" և "Լավրովի ծրագիրը" ՝ այդ երկու փաստաթղթերից բացահայտ դժգոհություն հայտնելը բավական ռիսկային է։ Հայաստանի վարչապետը ռիսկային մարդ է, բայց ես կցանկանայի, որ նա լավ զգար ռիսկերը եւ, գլխավորը, դրանց հետեւանքները։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ աշխարհին կերևանք որպես բանակցությունների ապակառուցողական կողմ։ Ոչ ոք չի կարող մեզ ինչ-որ բան պարտադրել։ Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել խաղաղության արժեքը, զոհերի բացակայությունը։ Այս լույսի ներքո՝ մենք պետք է պատրաստ լինենք ինչ-որ պահի համագործակցություն սկսել Ադրբեջանի հետ", - ամփոփել է Սարգսյանը ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայի համանախագահները: Կարգավորման գործընթացն անվանապես ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "մադրիդյան սկզբունքների" հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում: