Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գոհունակություն է հայտնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կապակցությամբ: Այս մասին ասված է ԵԽԽՎ հունվարի 30-ին ընդունված բանաձեւում ։
Բանաձևն ընդունվել է Ռոջեր Գեյլի զեկույցի հիման վրա։ Այս զեկույցում անդրադարձ է կատարվում ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի՝ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների գործունեությանը: Պատվիրակները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի ջանքերը եւ դատական համակարգի բարեփոխման նախաձեռնությունը ՝ վերջինիս առավել անկախությունն ապահովելու նպատակով:
Միեւնույն ժամանակ Վեհաժողովը իր մտահոգությունն է հայտնել այն խնդիրների կապակցությամբ, որոնց բախվում են դատական մարմինները ՝ իրենց անկախության և անկողմնակալության ապահովման առումով:
Վեհաժողովը նաեւ նշել է, որ հայ հասարակության մեջ անհանդուրժողականություն է դրսեւորվում ԼԳԲՏ համայնքի եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաեւ կան խոչընդոտներ, որոնք որոշ հասարակական խմբեր ստեղծում են <Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի> (Ստամբուլի կոնվենցիան) վավերացման ճանապարհին:
Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում արագացնել բարեփոխումները դատական համակարգում ՝ վերջինիս անկախության եւ արդյունավետության համար։ Ավելին, ԵԽԽՎ անդամները կոչ են արել իշխանություններին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող են ընկալվել որպես ճնշում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքին։