Արմինֆո.Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այսպես կոչված, "դարի գործարքը" հազիվ թե իրագործվի՝ ներկա տեսքով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կնեսետի նախկին պատգամավոր, քաղաքագետ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։
"Պաղեստինում Թրամփի ծրագիրը մերժել են հենց շնորհանդեսից անմիջապես հետո։ Նրա ոչ բոլոր առաջարկներն են դուր գալիս իսրայելցիներին։ "Դարի գործարքը" հոռետեսությամբ են ընդունել եվրոպական և ասիական շատ երկրներում։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, այս ծրագիրը բոլոր շանսերն ունի Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ սառեցված բանակցություններից կառուցողական աշխատանքի անցնելու հիմք դառնալու համար: Համոզված եմ, որ դա անհրաժեշտ է անել Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների ներգրավմամբ, որոնք շահագրգռված են տվյալ հակամարտության ավարտով", - նշել է նա։
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում հրապարակել է "դարի գործարքի"՝ պաղեստինա - իսրայելական խաղաղ կարգավորման ծրագրի առանցքային դրույթները, որի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը:
Քաղաքագետը, ինչպես նրա շատ գործընկերներ, "դարի գործարքը" դիտարկում է որպես Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ՝ ժամանակի առումով խիստ արդիական քաղաքական PR քայլ՝ հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Արաբաիսրայելական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը բխում է հենց ԱՄՆ նախագահի շահերից՝ իրեն սպառնացող իմփիչմենթի, դեմոկրատների դեմ պայքարի և արդեն նախագահական ընտրարշավի առաջին ուրվագծերի համատեքստում։
Ըստ Ցինկերի՝ Թրամփի ծրագիրն ամենևին էլ առաջին նախաձեռնությունը չէ, որը կոչված է վերջ դնելու արաբաիսրայելական հակամարտությանը։ Ընդ որում, եթե հրեաները գրեթե միշտ միջնորդների նախաձեռնություններին համաձայնել են, արաբները միշտ մերժում էին։ Նախորդ նախաձեռնություններից "դարի գործարքի" հիմնական տարբերությունն այն է, որ հակամարտության կողմերին առաջարկված փոխզիջումն առաջին անգամ նախատեսում է ինքնուրույն պաղեստինյան պետության ստեղծում: Խոսքը Հրեաստանի և Սամարիայի տարածքի 80%-ի և Իսրայելի ու արաբական աշխարհի միջև վերջնական հաշտեցման մասին է։
"Դարի գործարքը" հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին հատկացնում է չորս տարի։ Ընդ որում, այդ ընթացքում տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը կսառեցվի։ Իսկ փախստականները հնարավորություն կստանան վերադառնալ պաղեստինյան պետություն դրա ստեղծումից հետո։ Պետության կառուցման համար ԱՄՆ նախատեսում է պաղեստինցիներին 50 մլրդ դոլար հատկացնել։
Իսրայելը "դարի գործարքից" կարող է ստանալ Հորդանանի հովիտը, պաղեստինցիների կողմից հրեական պետության պաշտոնական ճանաչում, հրահրումների դադարեցման և ահաբեկչության դեմ պայքարի պարտավորություն, ՀԱՄԱՍ-ի զինաթափում, Գազայի հատվածի ապառազմականացում, ինչպես նաեւ Երուսաղեմը՝ որպես Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաք: