Արմինֆո. <Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում>,- Yerevan.Today-ին հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը չի բացառել նաև, որ իր կողմնակիցների և թիմակիցների՝ ազատության համար պայքարը կարող է վերաճել քաղաքական շարժման:
Նրա խոսքով՝ մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ եւ պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարեւորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ <Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձեւավորում եւ փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի եւ ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչոր պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար>,- հայտարարել է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը: <Աշունը քաղաքականապես ակտիվ էր եւ վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձեւավորումը, ինչպես նաեւ կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձեւավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձեւավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման եւ տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից եւ, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը>,- ասել է նա: