Արմինֆո. Հունվարի 23-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արտաքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների պաշտոնյաներ։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձևավորված դրական պրակտիկային։ Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է որպես ՀՀ կառավարության առանցքային հանձնառություն՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առավել ամրապնդումը շարունակելու երկրի իշխանությունների պատրաստակամությունը, կարևորել ՄԱԿ տարբեր մարմինների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առումով։
ՄԱԿ անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես են եկել Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով։ Բազմաթիվ երկրներ բարձր են գնահատել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական առաջընթացը և կոռուպցիայի դեմ պայքարը, ներկայացրել են հարցադրումներ և հանդես եկել առաջարկություններով։
ՀՀ պատվիրակության անդամներն, իրենց հերթին, ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց ոլորտների ձեռքբերումները և առկա մարտահրավերները, պատասխանել ՄԱԿ անդամ երկրների պատվիրակների հարցերին ու ներկայացրել պարզաբանումներ։
ՀՊԴ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ անդամ երկրների առաջարկությունները համակողմանիորեն կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նստաշրջանի ժամանակ։
ՀՊԴ-ն 2006թ-ին հիմնադրված ՄԱԿ մեխանիզմ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ բոլոր անդամ երկրներում։ Դիտարկումը կատարվում է երկրի կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ պայմանագրային մարմինների զեկույցների և այլ շահագրգիռ ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը ամփոփող փաստաթղթերի հիման վրա։ Դիտարկման ավարտին ՄԱԿ ՀՊԴ աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, ՄԱԿ անդամ երկրների կողմից ներկայացված առաջարկությունները՝ ուղղված դիտարկումն անցնող երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։