Ուրբաթ, 24 Հունվարի 2020 11:24
Մարիաննա Մկրտչյան

Երուսաղեմում Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել Մայք Փենսի, արքայազն Չարլզի, Էմանուել Մակրոնի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Սերջիո Մատարելլայի, Մարսելու Ռեբելու դե Սոզայի, Նենսի Փելոսիի, Դավիթ Սասոլիի հետ

Երուսաղեմում Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել Մայք Փենսի, արքայազն Չարլզի, Էմանուել Մակրոնի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Սերջիո Մատարելլայի, Մարսելու Ռեբելու դե Սոզայի, Նենսի Փելոսիի, Դավիթ Սասոլիի հետ

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

 

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի և Յադ Վաշեմի համագործակցությամբ, տեղի է ունենում համաժողովը: Շնորհակալություն հայտնելով համաժողովի​ մասնակից երկրներին համերաշխության համար՝ նա ուղերձ է հղել՝ հիշել և երբեք չմոռանալ:

 

Ելույթներով հանդես են եկել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Յադ Վաշեմի խորհրդի նախագահ, Հոլոքոսթը վերապրած ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն:

 

Ելույթ ունեցողները նշել են, որ պատահական չէ, որ համաժողովը տեղի է ունենում Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը՝ համաժողովը ևս մեկ անգամ հղել է այն ուղերձը, որ հակասեմիտիզմը, այլատյացությունը, ռասիզմը, անհանդուրժողականությունը չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում: Դրանց հիշատակումը, ճանաչումը և աներկբա դատապարտումը բոլորի բարոյական պարտքն է և առաջնային պարտականությունը՝ հանուն անցյալի և մարդկության ապագայի։

 

Նշվել է, որ Յադ Վաշեմում հավաքված առաջնորդներին համախմբել է պատասխանատվությունն անցյալի և ապագայի հանդեպ։ Հիշողությունն անհրաժեշտ է՝ չմոռանալու զոհերի և վերապրածների տառապանքների մասին,​ թույլ չտալու, որ այլևս երբեք որևէ երկրում որևէ ժողովրդի կյանքում, որևէ անգամ նման հանցագործությունները կրկնվեն: Որպես պատասխանատվություն ապագայի և սերունդների հանդեպ՝ նրանք հնչեցնում են «Այլևս երբեք․․․»:

 

Բազմազգ նվագախումբը և երգչախումբը մաեստրո Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ​ երաժշտության համամարդկային լեզվով ուղերձ են հնչեցրել հանուն խաղաղության և ներդաշնակության:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից,  համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ:

 

Հայաստանի նախագահը և համաժողովի մասնակից մյուս պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի