Արմինֆո. Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:
Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունում, որն առնչվում է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳՆ և նախագահի օգնականի նյարդային արձագանքներին:
ՙՑավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումագյիթյան եղեռնագործության իրականացման մեջ: Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի՚, - ընդգծել է ԱԳՆ մամլո խոսնակը։