Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցել է ծննդօգնության ծառայությունների չափանիշներին չհամապատասխանող ծառայությունների փակման գործընթացին:
Հունվարի 22-ին ելույթ ունենալով խորհրդարանական ամբիոնից՝ վարչապետը նշել է, որ առողջապահական ոլորտում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ: Խոսելով Մարալիկ համայնքում ծննդօգնության ծառայության փակման շուրջ աղմուկ հանած պատմության մասին ՝ Փաշինյանն ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ դրան հարակից գյուղերից գրեթե նույն հեռավորության վրա է գտնվում Արթիկի բժշկական կենտրոնը, որը կարող է ավելի լայն սպեկտրի բուժսպասարկում տրամադրել: Ինչպես նշվել է, այն դեպքում, եթե այս կամ այն չափորոշիչներին չհամապատասխանող բուժհաստատությունում արձանագրվեն ողբերգական միջադեպեր (կապված նեղ մասնագետների կամ համապատասխան սարքավորումների բացակայության հետ), ապա հարցերը, բնականաբար, կառաջանան կառավարության մոտ, որը տեղեկացված է եղել առկա խնդիրների մասին։
Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցում պետք չէ տնտեսելու ցանկություն տեսնել, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է գրեթե 30 տոկոսով: Վարչապետը նաև նկատել է, որ Եղվարդի <Նաիրի> ԲԿ-ում ծննդաբերական բաժանմունքի դեպքում փակման որոշումը վերանայվել է, քանի որ այն համապատասխանել է բոլոր չափանիշներին, բացի տարեկան կտրվածքով ընդունված ծննդաբերության ցուցանիշներից /136՝ 150 սահմանված մինիմումի դեպքում/: