Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 13:23
Դավիթ Ստեփանյան

Փորձագետ. ԶԼՄ-ների ծառայություններից օգտվող քաղաքացիները պետք է իմանան, թե ինչի հաշվին է արտադրվում այս կամ այն մեդիաապրանքը

Փորձագետ. ԶԼՄ-ների ծառայություններից օգտվող քաղաքացիները պետք է իմանան, թե ինչի հաշվին է արտադրվում այս կամ այն մեդիաապրանքը

Արմինֆո.Հայաստանում գովազդային մեդիաշուկայի գործունեությունը, անշուշտ, կանոնակարգման կարիք ունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

 

"Պատճառը մեր մեդիաշուկայում ապօրինի ճանապարհներով կուտակված բավականին մեծ ստվերային միջոցների շրջանառությունն է։  Այդ միջոցները ոչ մի հաշվետվությունում չեն դրսևորվում և, այնուամենայնիվ, լիովին ապահովում են որոշ լրատվամիջոցների գործունեությունը։  Նման իրավիճակը խախտում է, առաջին հերթին, իրենց լսարանի շահերը։ ԶԼՄ-ների ծառայություններից օգտվող քաղաքացիները պետք է իմանան, թե ինչի հաշվին է արտադրվում այս կամ այն մեդիաապրանքը։  Առաջին հերթին՝ հասկանալու համար, թե արդյոք  կարելի է վստահել այս կամ այն լրատվամիջոցին", - ընդգծել է նա։

 

Փորձագետը մեծ նշանակություն է տալիս գովազդային շուկայի կարգավորմանը' շրջանառու միջոցները ստվերից հանելու, ինչպես նաև հայկական ԶԼՄ-ների իրական տերերին բացահայտելու նպատակով:  Ըստ Նավասարդյանի ՝ այս հանգամանքը շատ կարևոր է հանրային կարծիքի վրա ԶԼՄ-ների ազդեցության տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ ժամանակը ցույց կտա, թե որքանով հաջող կլինեն այդ ուղղությամբ  իշխանությունների նախաձեռնությունները։

 

Հունվարի 16-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 26,6 մլն դրամ հատկացնելու մասին ՝ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով: Դրան զուգընթաց Ազգային ժողովում նախապատրաստվում է "ԶԼՄ-ների մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է տվյալ դաշտում խաղի կանոնների փոփոխություն։

 

Նավասարդյանի գնահատմամբ՝ հայկական լրատվամիջոցներն ամեն տարի գովազդից ստանում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է հասնել այդ գումարների բաշխմանը շուկայի բոլոր մասնակիցների միջեւ, այլ ոչ թե հատուկ որոշակի լրատվամիջոցների միջեւ։  Փորձագետը հարցի լուծումը տեսնում է որոշակի գործնական քայլերի միջոցով:  Ընդ որում, նա բավական վիճելի է համարում Հայաստանի հանրային հեռուստաալիքին գովազդային ծառայությունների վաճառքի իրավունքի տրամադրման մասին հնարավոր որոշումը:

 

Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նշել է, որ կառավարության հետևողական քաղաքականությունն է ունենալ շատ կոնկրետ պատասխաններ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված:

«Ընդհանրապես, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային: Հեռուստատեսային շուկայում մենք, ըստ էության, այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը: Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 2 կառույց: Այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում գովազդային, հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է, այսպես ասած, հեռուստաընկերությունների վարկանիշերը և այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշերի: Այսինքն, ըստ էության, ավտոմատացված մեխանիզմ է, և հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Եթե ենթադրենք այսպիսի իրավիճակ, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերության և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ:

Պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա և մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձնաց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը», - ասել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի