Արմինֆո. Հունվարի 19-ին լրանում է պոլսահայ լրագրող, "Ակոս" թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարին, սակայն այդ հանցագործության մեղավորները մինչ օրս արժանի պատիժ չեն կրել։
Դինքի սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC), որում, մասնավորապես, ասվում է. "Հրանտ Դինքը, պարզապես լրագրող չէր, որը լուսաբանում էր ամենօրյա լուրերն ու հոդվածները: Նա մարմնավորում էր երկրում հանդուրժողականության եւ արդար հասարակության արժեքները, որոնք մթագնված են անհանդուրժողականությամբ եւ անարդարությամբ: Դինքին սպանեցին օրը ցերեկով թուրք երիտասարդ ուլտրաազգայնականի միջոցով, որին ավելի ուշ գովեցին ու փառաբանեցին կատարածի համար ՝ մի կողմ թողնելով միջազգային արձագանքը, որը թերահավատորեն էր վերաբերվում այդ հանցագործության համակողմանի հետաքննությանը։ Դինքի սպանությունը մեկընդմիշտ փոխեց թուրք հասարակության կերպարը", - ասել է ANCC համանախագահ Հրագ Տարաքջյանը։
ANCC համանախագահ Շահեն Միրաքյանը, իր հերթին, փաստել է, որ Դինքի սպանությունից հետո թուրք հասարակության մեջ բազմաթիվ թաքնված քաղաքական տրամադրություններ են ի հայտ եկել, երբ հարյուր հազարավոր թուրքեր միացել են հայերի երթին ' ցույց տալով իրենց համերաշխությունը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ "Ակոս" թերթի խմբագրության դիմաց: Սակայն հանցագործության պատվիրատուներն այդպես էլ չեն հայտնաբերվել։ Դատարանը միայն մարդասպան Օգյուն Սամասթակին դատապարտել է 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանության հրահրման մեջ մեղադրվող Յասին Հայալին ՝ ցմահ ազատազրկման: 2013 թվականի սեպտեմբերի 17-ին դատական գործընթացը վերսկսվել է։ Իսկ 2015 թվականի հունվարի 19-ին գործի շրջանակներում ձերբակալվել է նախկին ոստիկանապետ Ջիզրե Էրջան Դեմիրը, սակայն հետաքննությունը մինչ օրս չի ավարտվել, իսկ պատվիրատուն չի գտնվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն ՝ Թուրքիայի իշխանությունները խախտել են Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքը։ ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 133 հազար եվրո վճարել Հրանտ Դինքի ընտանիքին։