Արմինֆո. Փակվող ծննդօգնության ծառայությունների աշխատակիցները աշխատանքի կտեղավորվեն։
Այս մասին հունվարի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՝ մեկնաբանելով Մարալիկ, Աչաջուր, Արտենի, Արծվաբերդ, Ծաղկահովիտ, Քաջարան Եւ Եղվարդ համայնքների բուժհաստատություններում գործող այդ ծառայությունների փակման գործընթացը։ Հիշեցնենք, որ դրանց լուծարման մասին որոշումը պայմանավորված էր վերջիններիս ՝ տարեկան կտրվածքով ընդունված ծննդաբերության քանակի (առնվազն 150), տեխնիկական հագեցվածության եւ կադրային համալրումների հետ կապված չափանիշներին չհամապատասխանելու հանգամանքով։
Թորոսյանը նշել է, որ վերոնշյալ ծառայությունների փակման գործընթացի արդյունքում աշխատակիցներից ոչ մեկը չի մնա առանց աշխատանքի: Այսպես՝ նրանց մի մասը համատեղությամբ աշխատում է բուժհաստատություններում, որտեղ գործում են ծննդօգնության հիշյալ ծառայությունները։ Մյուս աշխատողների դեպքում նախարարությունը, Ըստ Թորոսյանի, պատրաստ է քննարկել նրանց հետագա աշխատանքի տեղավորման հարցը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ անցկացված քննարկումների արդյունքում Եղվարդում ծննդօգնության ծառայությունը չի փակվի, քանի որ վերջինիս ցուցանիշներն առավել մոտ են սահմանված չափանիշներին: Այսպես՝ անցյալ տարի այստեղ ընդունել է 136 ծնունդ՝ սահմանված 150 ծնունդից: Թորոսյանը նշել է, որ այդ ծառայությունը պետական ֆինանսավորում կստանա եւս մեկ տարվի, և այն դեպքում, եթե կրկնակի այցերի դեպքում մասնագետները դրական տեղաշարժեր նշեն, պետպատվեր կտրամադրվի նաեւ հետագա տարիներին:
Ինչ վերաբերում է ծննդօգնության մյուս վեց ծառայություններին, որոնցում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, ապա դրանց մասով որոշումները դժվար թե վերանայվեն, քանի որ դրանց ցուցանիշները չեն համապատասխանում ինչպես տեխնիկական հագեցվածության, այնպես էլ՝ կադրերի համալրման պահանջներին: