Արմինֆո. 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը: Այս մասին հունվարի 15-ին արտաքին քաղաքական գերատեսչության 2019 թ. գործունեության վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության և տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը: Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը: Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու և հակամարտության գոտում կայունություն ապահովելու կարևորությունը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը:
Արտգործնախարարը հավելել է, որ տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև համաձայնեցվել և իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման կարևորությունը, որի ընթացքում Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է հանրապետության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավար Սարասար Սարյանին հնարավորություն է ընձեռվել ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնելու Արցախում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը: Նախարարը նաև նշել է, որ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցել Արցախի Նախագահի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարի և պաշտպանության նախարարի հետ:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թ. լրացել է ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևորագույն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակը, որը թույլ է տվել հակամարտության լուծումը տեղափոխել դիվանագիտական դաշտ: Այս կապակցությամբ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է խորհրդաժողով, որին մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանից: Խորհրդաժողովին որպես հատուկ հյուր մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Մամուլի ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը մատնանշել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, ինչը Ստեփանակերտին թույլ է տալիս Երևանի գործընկերներին ներկայացնել Արցախի դիրքորոշումը համահայկական օրակարգի այս կամ այն առանցքային ասպեկտների, ինչպես նաև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի ստորագրումը, ինչը թույլ է տալիս երկու արտաքին քաղաքական գերատեսչություններին խորացնել համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս քայլը՝ Արցախում կազմակերպված և անցկացված համազգային և միջազգային քաղաքական, մարզական և մշակութային միջոցառումների հետ մեկտեղ, որոնցից են, մասնավորապես, Արցախի բարեկամների համաժողովը, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական խաղերը, թույլ են տվել արձանագրել Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ։ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 47%: