Արմինֆո. Հունվարի 8-14-ը Ալմաթի քաղաքում անցկացվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան:
Օլիմպիադային այս տարի մասնակցել է 84 թիմ աշխարհի 21 երկրից։ Հայաստանի թիմն այս տարի ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և <Քվանտ> վարժարանի աշակերտները, ովքեր աննախադեպ արդյունքներ են գրանցել ՝ Հայաստանի հավաքականի ընդհանուր կազմում նվաճելով 1 ոսկե, 7 արծաթե, ինչպես նաև 10 բրոնզե մեդալ:
Հարկ է նշել, որ մեդալների քանակով և մասնակիցների թվով նախորդ տարիներին նման բան չի դիտվել։ Ալմաթիի հայ համայնքը Հայաստանի պատվավոր հյուպատոսության հետ համատեղ արդեն 4-րդ տարին անընդմեջ բարի ավանդույթ է ձևավորել՝ օլիմպիադայի մասնակիցներին դիմավորել ղազախական ավանդական հուշանվերներով, հաջողություն մաղթելով նրանց առաջիկա մրցումներում:
Շատ ուրախալի է, որ տարեցտարի օլիմպիադան ավելի ու ավելի շատ մասնակիցներ է հավաքում Հայաստանից և այլ երկրներից և հայտնի է դառնում միջազգային ասպարեզում։