Արմինֆո. Եղվարդի բնակիչները շարունակում են բողոքել քաղաքի ծննդատան փակման դեմ։ Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է Արմինֆո-ի թղթակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնում, ընդգծելով, որ ծննդատունը սպասարկում է 15.000 բնակիչ ունեցող քաղաքը, ինչպես նաև մոտակա 20 գյուղ: Ցուցարարները դժգոհ են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքից։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Եղվարդի ծննդատանը աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, եւ իրենց քաղաքում ծննդատունը ոչ մի դեպքում չի կարելի փակել:
Նշենք, որ բողոքի ցույցերը շարունակվում են երեկվանից։ Բողոքի ակցիային մասնակցել են ինչպես Եղվարդ քաղաքի բնակիչները, այնպես էլ ծննդատան աշխատակիցները։ Իրավիճակը խոստացել է պարզել Օմբուդսմենը՝ համապատասխան հարցումներ ուղարկելով առողջապահության նախարարություն եւ մարզպետարան։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ բողոքի ակցիա էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ծննդատան փակման դեմ։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ 2018 թվականի կեսերին որոշում է կայացվել վերանայել ծննդօգնության ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ցանկը: Նրա խոսքով ՝ դա պայմանավորված էր նրանով, որ նախկինում համապատասխան կատեգորիաները (I, II եւ III) շնորհվում էին նախարարի հրամաններով, ընդ որում, երբեմն այդ որոշումներն իսկապես անհիմն էին։ Ինչպես պարզաբանել է Թորոսյանը, պետական ֆինանսավորման չափը կախված է ծննդատան կատեգորիայից: Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում եղել է բուժհաստատությունների շենքերի և շինությունների վիճակը, տեխնիկական հագեցվածությունը, կադրերով համալրվածությունը, ինչպես նաև նրանց պատրաստվածության մակարդակը. Կարեւոր դեր է խաղացել նաեւ տարեկան կտրվածքով ընդունված ծնունդների քանակը (նվազագույն ցուցանիշը՝ 150), ինչպես նաեւ բուժծառայությունների ավելի լայն սպեկտր ապահովող հիվանդանոցից տվյալ բուժհաստատության հեռավորության գործոնը. եթե հեռավորությունը կազմում է մոտ 15-20 կմ, ապա որոշում է ընդունվում փակել այդ բուժհաստատությունը։
Նշենք, որ այս հարցով այսօր սպասվում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: