Արմինֆո. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին:
Հավելենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերում կքննարկվեն անցյալ տարվա դեկտեմբերին Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, երկօրյա հանդիպումը նվիրված կլինի ՆԱՏՕ-ի զսպման եւ պաշտպանության հարցերին, ներառյալ եվրատլանտյան տարածաշրջանի համար զսպման եւ պաշտպանության հայեցակարգը, SACEUR-ի պատասխանատվության գոտին եւ ՆԱՏՕ-ի գործողություններին ու առաքելություններին աջակցությունը: Նախատեսվում է նաեւ գլխավոր շտաբերի պետերի արտահերթ նիստ դաշինքի գործընկեր Վրաստանի ներկայացուցչի հետ:
Հանդիպման ծրագիրը մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ գլխավոր շտաբերի պետերի համատեղ խորհրդակցությամբ: Հաջորդ նիստը, ինչպես նշվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, թույլ կտա "ամրապնդել առավոտյան խորհրդակցության ռազմավարական համատեքստը": Այնուհետեւ գլխավոր շտաբերի պետերը կզբաղվեն ընթացիկ օպերատիվ պարտավորություններով, ուժերի ձեւավորմամբ եւ ապագա պահանջներով: Առավոտյան հատուկ նիստ է տեղի ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի "Վճռական աջակցություն" առաքելության գործընկերների, Իրաքում դաշինքի առաքելության եւ Կոսովոյի համար ուժերի առաքելության (KFOR) հետ:
"Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի եվրատլանտյան տարածաշրջանի համար զսպման եւ պաշտպանության հայեցակարգին եւ մարտունակության մասին ՆԱՏՕ-ի շրջանակային հայեցակարգին: Այդ երկու հայեցակարգերը բխում են դաշինքի ռազմավարությունից, որը սահմանում է ՆԱՏՕ-ի ռազմական առաջնահերթությունները և նրա մոտեցումը ընթացիկ եւ ապագա սպառնալիքներին", - նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հունվարի 15-ի խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի երկրների զորահրամանատարները կսկսեն դաշինքի հարավային թեւում տիրող իրավիճակի քննարկմամբ եւ կվերլուծեն տարածաշրջանում ընդհանուր շահեր ունեցող գործընկերների եւ կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հաջորդ նիստի ուշադրության կենտրոնում կլինի SACEUR պատասխանատվության գոտուն աջակցությունը: Իսկ Վրաստանի հետ եզրափակիչ խորհրդակցության ընթացքում գլխավոր շտաբերի պետերը կիրազեկվեն երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, ինչպես նաև անվտանգությանն առնչվող իրավիճակի և մասին։ Նրանք կքննարկեն նաեւ Թբիլիսիի հետ հետագա համագործակցությունը։