Արմինֆո.Armenia Airways ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր ավիաչվերթները: Այդ մասին հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքն օգտագործելու մասին Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի վերջերս արած հայտարարությունը՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի դեսպանատուն և ստացել Իրանի օդային տարածքում թռիչքների անվտանգության երաշխիքներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Armenia Airways ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր ավիաչվերթները"։
Հիշեցնենք, որ Armenia Airways ավիաընկերությունը հունվարի 12-ին Facebook-ի իր էջում հաղորդել էր Երեւան-Թեհրան-Երեւան չվերթի չեղարկման մասին՝ անվտանգության նկատառումներով: Ավիաընկերության հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ ուղեւորները կարող են փոխանակել տոմսերը ավիաընկերության գլխավոր գրասենյակում կամ դիմել վաճառքի գործակալներին:
Քաղավիացիայի կոմիտեն հունվարի 12-ին հայտարարություն էր տարածել, որում կոչ էր արել Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, հաշվի առնել ԵՄ թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատման խորհուրդը եւ դիտարկել Իրաքի եւ Իրանի օդային տարածքը ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: