Արմինֆո. Աշխարհն աստիճանաբար մտնում է Միջազգային հարաբերությունների և քաղաքականության որակապես նոր փուլ։ Եվ այդ փուլն արդեն չի ենթադրում ԱՄՆ-ի և, ընդհանրապես, որևէ այլ երկրի կամ ուժային կենտրոնի գերակայություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Շատ շուտով ԱՄՆ-ն, պարզապես, կզրկվի աշխարհի տարբեր անկյուններում սեփական ներուժը տարածելու հնարավորությունից ՝ այնտեղ ռազմական ներկայություն ապահովելու միջոցով։ Նման կանխատեսումը միանգամայն օբյեկտիվ նախադրյալներ ունի։ Նույն կերպ օբյեկտիվ է թվում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ նախագահ Թրամփի ձգտումը", - ընդգծել է նա։
Ըստ արևելագետի՝ Թրամփը ձգտում էր կրճատել ԱՄՆ-ի օտարերկրյա ներկայությունը սկսած իր նախընտրական քարոզարշավից, ինչի մասին բազմիցս և բավականին ոչ երկիմաստ հայտարարել է ՝ ԱՄՆ-ը ներկայացնելով որպես իր միակ գերակայություն. "Ամերիկան ամեն ինչից վեր է"։ Այնուամենայնիվ, նախագահի նման ռազմավարությունը չի կիսում ամերիկյան իսթեբլիշմենթի մեծ մասը։ Հենց այդ հակասություններով է Սաֆրաստյանը բացատրում մեկուսացման Թրամփի նախաձեռնությունների մեծ մասի տապալումը։ Օրինակ՝ Սիրիայից ամերիկյան բանակի այդպես էլ չավարտված դուրս բերումը։
Ակադեմիկոսի գնահատականներով՝ ԱՄՆ-ն հստակ, միանշանակ և միասնական նպատակադրումներ չունի նույնիսկ Իրանի պարագայում, թեև բավականին լուրջ ռազմական ներկայություն ունի հենց Մերձավոր արևելքում։ Նրա գնահատականներով, ըստ էության, Իրանը, գործնականում, շրջապատված է ամերիկյան զորքերով։ Եվ նման պայմաններում Թեհրանը հստակ հայտարարում է Մերձավոր արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունն արմատախիլ անելու նպատակով բոլոր ջանքերը գործադրելու մտադրության մասին։
Նման պայմաններում իրանցիների կողմից արված այդպիսի հայտարարությունը, ըստ արևելագետի, վկայում է այն մասին, որ իրանա-ամերիկյան դիմակայությունը մարտավարական մակարդակից անցնում է ռազմավարական մակարդակի։ Եվ վերջինի դեպքում կողմերի առջև ավելի լուրջ խնդիրներ են դրվելու։ "Եվ Իրանի ղեկավարության կողմից իրենց նման մասշտաբի խնդիր առաջադրելը մեզ թույլ է տալիս կանխատեսել խաղաղության եւ անդորիի բացակայություն Մերձավոր արեւելքում, առնվազն, առաջիկա մեկ-երկու տարում", - ամփոփել է Սաֆրաստյանը: