Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում 30 տարի առաջ, ծրագրվել եւ նախապատրաստվել էր Ադրբեջանի ղեկավարության կողմից: Հունվարի 13-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով, սկզբում Ադրբեջանի իշխանությունները փորձել են ազատվել Բաքվի հայերից, իսկ հետո "Ցեղասպանության այդ մեքենան" տեղափոխել են Արցախ: Բաքվում հայկական ջարդերի ժամանակ դաժանաբար սպանվել է առնվազն 500 հայ։ "Եվ այդ երկիրն այժմ փորձում է ինչ-որ կարգավիճակ առաջարկել, խոսում է տարածքային ամբողջականության մասին, մինչդեռ, նրա ղեկավարությունը հանրապետության մայրաքաղաքում սեփական քաղաքացիների նկատմամբ բռնության նախաձեռնողն էր։ Մենք կորցրել ենք ամեն ինչ, բայց մեր խնդիրը կարող է ծառայել մեր հայրենիքին", - հավելել է նա։
Նրա խոսքով, պաշտոնական վիճակագրության համաձայն, Ադրբեջանում ապրել է կես միլիոն հայ, ավելի քան 250 հազարը՝ Բաքվում: "Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո մոտ 404 հազար հայեր Ադրբեջանից արտագաղթել են Հայաստան։ Խորհրդային Հայաստանն այդ գործողությունները բազմիցս ճանաչել է որպես ցեղասպանություն, եւ անկախ Հայաստանը պետք է հաստատի այդ դիրքորոշումը", - պարզաբանել է Գրիգորի Այվազյանը ։ Նա ընդգծել է, որ ադրբեջանահայերի կրած զրկանքների՝ բարոյական, նյութական, տարածքային վնասի հարցըւ պետք է դրվի բանակցությունների սեղանին: "Պետք է խոսել ոչ թե, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին, այլ կես միլիոնանոց հայ համայնքի խախտված իրավունքների մասին, որի խնդիրը գրեթե 30 տարի ստվերում է գտնվում։
Դա սոսկ մարդասիրական հարց չէ, այն կարող է նաեւ օգնել մեր երկրի համար ցանկալի արդյունքի հասնել", - եզրափակել է ՀԿ ղեկավարը, հավելելով, որ Ադրբեջանում Հայոց ցեղասպանությունը վկայում է մեկ պետության սահմաններում ադրբեջանցի թուրքերի եւ արցախահայության խաղաղ գոյակցության անհնարինության մասին։