Արմինֆո.Հայաստանում անցկացվել է իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Նարինե Թուխիկյանը, ովքեր տեղեկատվական թերթիկներ են բաժանել քաղաքացիներին:
<Մեր նախարարության գաղափարներից մեկն է՝ իրազեկել մեր քաղաքացիներին հուշարձանների հետ կապված իրենց իրավունքների և պարտականնությունների մասին, և այսօր խորհրդանշական քայլ ենք անում: Ծրարի մեջ դրված նամակով մենք իրազեկում ենք քաղաքացիներին, որ իրենք ապրում են հուշարձան շենքում եւ իրազեկում ենք, թե ինչ իրավունքներ ու պարտականնություններ ունեն այդ շենքի հետ կապված: Շատ հաճախ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները պարզապես տեղյակ չեն լինում, թե այդ հուշարձանի հետ իրենք ինչպես պետք է վարվեն եւ շնարարության, ձեւափոխումների ժամանակ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն: Հիմա մենք կթակենք դռները և կիրարզեկենք մեր քաղաքացիներին, թե որտեղ են իրենք ապրում: Մենք նաև կոչ ենք անում կամավորներին միանալ այս ծրագրին, քանի որ հազարավոր տներ պետք է գնան այս ծրարները եւ կարծում ենք, որ սա էականորեն կփոխի հուշարձան շենքերի հետ կապված իրավիճակւ>,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ավելացրել է, որ գործընթացը սկսվել է համայնքներից, արշավ է իրականացվել 3 մարզում` Սյունիքում, Արարատում և Վայոց Ձորում: <Այժմ մենք նաեւ աշխատում են օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ և ձգտում ենք, որ պատժամիջոցները համապատասխան օրենքներում ավելի խստացվեն>,- ասել է նա:
Նշենք, սակայն, որ, ըստ ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկությունների, հայկական հեռուստաալիքները հրաժարվել են երկրի մշակույթի և պատմության հուշարձանների մասին իրազեկելու մասնագետների առաջարկած նախագծից: Մասնավորապես՝ մերժվել է նախագիծը, որով նախատեսվում էր ներկայացնել Գյումրի քաղաքի պատմամշակութային ժառանգությունը։