Արմինֆո.Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հերքում է այս տարվա մարտից Երեւան-Սիմֆերոպոլ ավիահաղորդակցության մեկնարկի մասին տեղեկատվությունը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնել է Քաղավիացիայի կոմիտեի պատասխանատու աշխատակիցը։
Հիշեցնենք, որ այսօր <ՌԻԱ Նովոստի>-ին՝ հղում անելով Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովին, հայտնել էր
Երեւան-Սիմֆերոպոլ կանոնավոր չվերթներ իրականացնելու ծրագրերի մասին:
Այս հաղորդագրության մեջ <ՌԻԱ Նովոստին> հղում է անում հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակին. <Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր ավիաչվերթներ նախատեսվում է գործարկել ընթացիկ տարվա մարտից: <Իկար> ավիաընկերությունն արդեն համապատասխան թույլտվություն է ստացել: Ներկայումս ընթանում են չվացուցակների և օդանավակայանների համաձայնեցման աշխատանքներ: Չվերթները իրականացվելու են շաբաթական երկու անգամ>,-ասել է Չերնյակը:
Նրա խոսքով ՝ Սիմֆերոպոլի և Երեւանի միջեւ ավիահաղորդակցությունը կդառնա առաջին կանոնավոր միջազգային չվերթը Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումից հետո և <լավ օրինակ> կլինի Չինաստանի և Թուրքիայի համար:
Նշենք, որ սա արդեն երկրորդ տեղեկատվական արտահոսքն է Երևանի հետ Սիմֆերոպոլի ավիահաղորդակցության հնարավոր գործարկման վերաբերյալ։ Առաջին նման <փորձը> ձեռնարկվել էր 2016 թվականին։